Հարաբերությունները ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև
Ինչպե՞ս է իրականում տեղի ունենում համագործակցությունը
Հայաստանը բարեփոխումների իր ծրագրերն ու ժամանակացույցը նախանշում է իր Անհատական գործընկերության գործողությունների ծրագրում (ԱԳԳԾ), որը համատեղ հաստատվում է երկու տարի ժամկետով: Հայաստանի ԱԳԳԾ-ի նպատակն է ամրապնդել երկխոսությունը ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև և աջակցություն ցույց տալ Հայաստանում ժողովրդավարական ու պաշտպանական ոլորտի բարեփոխումներին:
ԱԳԳԾ-ում շոշափվող հարցերի լայն շրջանակը վկայում է այն մասին, որ Հայաստանը ոչ միայն պաշտպանական ոլորտում է համագործակցում ՆԱՏՕ-ի հետ, այլև Դաշինքի անդամ երկրների հետ պարբերաբար խորհրդակցություններ է անցկացնում օրենքի գերակայության, բարեփոխումների թափանցիկության, ահաբեկչության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերի վերաբերյալ: Լինելով ԱԳԳԾ-ի կողմերից մեկը` ՆԱՏՕ-ն համաձայնել է աջակցել Հայաստանին բարեփոխումների սեփական նպատակներին հասնելու գործում` նպատակային խորհրդատվություն և օգնություն տրամադրելու միջոցով:
Հայաստանը նաև կարևոր ներդրում ունի ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող գործողություններում: Հայկական ուժերը 2004 թ.-ից սկսած մասնակցում են Դաշինքի կողմից Կոսովոյում իրականացվող խաղաղապահ առաքելությանը: Ներկայումս քննարկման փուլում է գտնվում Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերին (ISAF) հայկական ուժերի մասնակցության հարցը:
Գործընկերություն հանուն խաղաղության (ԳհԽ) ծրագրի և Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԾ) միջոցով Հայաստանը ՆԱՏՕ-ի և այլ գործընկեր երկրների հետ համագործակցում է նաև մի շարք այլ ոլորտներում: Հայաստանը ԳհԽ ծրագրին իր մասնակցությունը համակարգում է Անհատական գործընկերության տարեկան ծրագրի միջոցով, ընտրելով այն միջոցառումները, որոնք նպաստում են ԱԳԳԾ-ում սահմանված նպատակների իրականացմանը:
ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության հիմնական ոլորտները.
Համագործակցությունն անվտանգության ոլորտում
1994 թ.-ին ԳհԽ-ին միանալուց հետո Հայաստանը, ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ համատեղ, իր ներդրումն է ունեցել եվրաատլանտյան անվտանգության ապահովման գործում: 2004 թ.-ից սկսած հայ զինծառայողները ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինվորների հետ միասին մասնակցում են Կոսովոյում խաղաղապահ գործողություններին: Հայաստանը ներկայումս քննարկում է Աֆղանստանում ISAF-ին իր մասնակցության հնարավորությունը:
Հայաստանը ՆԱՏՕ-ի և Դաշինքի առանձին երկրների հետ աշխատում է Հայաստանի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինված ուժերի փոխգործակցությունը բարելավելու ուղղությամբ: Դա նախատեսում է խաղաղապահ բրիգադի ստեղծում, որը կներառի ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխանող մարտական և թիկունքային ապահովման միավորներ: Հայաստանը և ՆԱՏՕ-ն խորհրդակցություններ են վարում նաև Հայաստանի ռազմական կրթության համակարգի բարեփոխումների վերաբերյալ:
2002 թ.-ից սկսած Հայաստանի մասնակցությունը ԳհԽ-ի Պլանավորման և վերլուծության գործընթացին (PARP) օգնում է բարելավել սեփական զինված ուժերի ունակությունները` ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու նպատակով: PARP-ը Հայաստանի համար ՆԱՏՕ-ի հետ համագործակցության գործընթացում կարևորագույն տեղ է զբաղեցնում:
Հայաստանը նպաստում է ահաբեկչության դեմ պայքարին` մասնակցելով Ահաբեկչության վերաբերյալ գործընկերության գործողության ծրագրին (PAP-T): Դա ներառում է ՆԱՏՕ-ի հետ հետախուզական տվյալների և վերլուծությունների փոխանակություն, ազգային հակաահաբեկչական ուսուցման հնարավորությունների և սահմանների անվտանգության ապահովման բարելավում:
Խորհրդակցելով ՆԱՏՕ-ի հետ` Հայաստանը սկսել է ճգնաժամերի կառավարման սեփական ընթացակարգերի և գործողությունների վերանայման գործընթացը:
Պաշտպանական և անվտանգության ոլորտի բարեփոխումները
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանում լայնածավալ ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացին: ՆԱՏՕ-ն և Դաշինքի անդամ առանձին երկրները զգալի փորձ ունեն պաշտպանական և անվտանգության ոլորտի բարեփոխումների ասպարեզում, որը Հայաստանը կարող է օգտագործել:
Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողությունն ապահովելը Հայաստանի համար առաջնահերթ խնդիր է: Պաշտպանական ինստիտուտների կառուցման վերաբերյալ գործընկերության գործողությունների ծրագրին Հայաստանի մասնակցությունը նպաստում է այս ջանքերին:
Հայաստանը խորհրդակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ՝ իր Ազգային անվտանգության ռազմավարությունը մշակելիս և ներկայումս աշխատում է նոր Ռազմական դոկտրինայի ստեղծման և Պաշտպանական ռազմավարական վերլուծություն կատարելու ուղղությամբ: Այս փաստաթղթերը սահմանում են Հայաստանի զինված ուժերի և անվտանգության ինստիտուտների ռազմավարական բովանդակությունը, խնդիրները և դերը: Հայաստանը և ՆԱՏՕ-ն խորհրդակցություններ են անցկացնում Հայաստանի պաշտպանական պլանավորման և պաշտպանական բյուջեի ձևավորման ընթացակարգերի շուրջ, որոնք վճռորոշ դեր ունեն Պաշտպանական ռազմավարական վերլուծությունը կատարելու և կիրառելու հարցում:
ՆԱՏՕ-ն և Հայաստանը համագործակցում են նաև Երևանում իրավիճակային կենտրոնի ստեղծման ուղղությամբ, որը կնպաստի ճգնաժամերի կառավարման և հակաահաբեկչական համակարգման գործընթացներին:
Արտակարգ իրավիճակների պլանավորումը
Հայաստանը նպատակ ունի բարելավել իր պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներին ու արձագանքման ունակությունները` աղետների և ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարելու նպատակով: Հիմնվելով ԱԳԳԾ-ի վրա` Հայաստանի փրկարար ծառայությունը մի շարք միջոցառումներ է ձեռնարկում արտակարգ իրավիճակների պլանավորումը կատարելագործելու համար և ակտիվորեն նպաստում է կառավարության կողմից արտակարգ իրավիճակների պլանավորման կենտրոնի ստեղծմանը: Հայաստանն աշխատանքներ է տանում նաև ՆԱՏՕ-ում գործող Աղետներին արձագանքելու եվրաատլանտյան համակարգման կենտրոնի (EADRCC) հետ կապերն ամրապնդելու ուղղությամբ` աղետների ժամանակ միջազգային օգնություն իրականացնելու գործընթացին մասնակցելու նպատակով:
Գիտությունը և բնապահպանությունը
Մասնակցելով Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության (SPS) ծրագրին` Հայաստանը դրամաշնորհներ է ստացել գիտական և բնապահպանական փոխգործակցության 38 ծրագրեր իրականացնելու համար: Իրականացված ծրագրերը ներառում են միջուկային և ռադիոլոգիական սպառնալիքների կանխարգելումը, բացահայտումը և դրանց արձագանքումը, բնական աղետների ռիսկի գնահատումը և ջրային պաշարների անվտանգությունը:
Մյուս ծրագրերով նախատեսվում է Ադրբեջանի և Վրաստանի հետ համագործակցություն միջսահմանային ջրերի որակի բարելավման ուղղությամբ, ինչպես նաև ցանցային տեխնոլոգիաների ուսումնասիրություններ: Հայաստանը մասնակցում է նաև Վիրտուալ Մետաքսի ճանապարհ ծրագրին, որի նպատակն է արբանյակային ցանցի միջոցով բարելավել կովկասյան և Կենտրոնական Ասիայի երկրների գիտական և հետազոտական անձնակազմերի մուտքը ինտերնետ:
Հանրային տեղեկատվությունը
Հայաստանը նպատակ ունի հանրությանն ավելի լայն տեղեկատվություն տրամադրել ՆԱՏՕ-ի, ինչպես նաև Հայաստանի ու Դաշինքի միջև համագործակցության վերաբերյալ և բարձրացնել հանրային իրազեկությունը` իր պաշտպանական և անվտանգության ոլորտների բարեփոխումներին աջակցելու նպատակով: Միաժամանակ, ՆԱՏՕ-ն շարունակում է անհրաժեշտության դեպքում տրամադրել խորհրդատվություն և աջակցություն, ներառյալ անհրաժեշտ դասընթացների կազմակերպումն ու խորհրդակցությունները: 2006 թ.-ին Հայաստանի կառավարության և ՆԱՏՕ-ի աջակցությամբ Երևանում հիմնադրվել է ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը: